Արշակ 2-րդ

350 թվականին Հայաստանում  /Մեծ Հայքում/  սկսում է  թագավորել Արշակ 2-րդը: Արշակի թագավորելու ժամանակ  Հայոց աշխարհում խաղաղություն է հաստատվում, երկրից հալածվածներն ու փախստականները վերադառնում են հայրենիք, խաղաղ ապրում Արշակի թագավորության հովանու տակ։

Արշակը Վասակ Մամիկոնյանին նշանակում է երկրի սպարապետ՝ զորքերի գլխավոր հրամանատար:

Որոշ ժամանակ անց Արշակ թագավորը Կոգ գավառի հովտում կառուցում է մի քաղաք , որն իր անունով կոչվում է Արշակավան: Երկրով մեկ տարածվում է թագավորի հրամանը, որ նրանք, ովքեր կգան և կապրեն այդ քաղաքում ազատություն կունենան, կազատվեն հարկերից, պարտքերից և կապրեն հանգիստ: Շուտով քաղաքը լցվում է բազմաթիվ մարդկանցով, ովքեր փախել էին իրենց իշխաններից, հալածված էին և ազատություն չունեին: Արշակավանում նրանք գտնվում են թագավորի իշխանության և հովանավորության ներքո:

Արշակավանի կառուցումը Արշակի դեմ երկրով մեկ բողոքի ու դժգոհության ալիք է բարձրացնում։

Հայ նախարարները կատաղած Արշակավանում ապաստանած իրենց ծառաների ու հանցավորների դեմ, զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, կոտորում բոլոր տղամարդկանց ու կանանց, բացի  երեխաներից։

Կոտորածի մասին Ներսեսն կաթողիկոսն իմանում է ուշացումով, և չի կարողանում դրա առաջն առնել։ Նա հասնում է այն ժամանակ, երբ մեծերին կոտորել էին, իսկ նրանց երեխաներին նախարարներն իրենց մեջ էին բաժանում, որպեսզի գերի տանեն ինչպես հեռավոր թշնամիների երեխաների։ Ներսեսը երեխաներին ազատում է նախարարների ձեռքից, կողովներով նրանց կրել է տալիս մի գոմ, նրանց համար սնունդ և ապրուստ նշանակում։ Հետագայում, երբ այդ երեխաները մեծանում են, իրենց համար ավան են շինում, որ կոչվում է Որթք, ի նշան այդ բնակավայրը նրանց կողովներով բերելու:

Արշակը, երբ իմանում է կատարվածի մասին, զայրանում է: Իր մոտ է կանչում բոլոր նախարարներին, նրանցից վեցնում իրենց ունեցվածքը և պատժում:

Հայաստանն այդ ժամանակ բավականին հզորացել էր և դա անհանգստացնում էր հարևան պետությանը՝ Պարսկաստանին: Պարսից Շապուհ թագավորը մեծ ընծաներով, հրովարտակներով պատգամավորներ է ուղարկում Արշակ թագավորի մոտ, սիրով ու աղաչանքով խնդրում նրան գալ Պարսկաստան, որպեսզի խաղաղության ու բարեկամության դաշինք կնքեն։  Արշակ թագավորը թեպետ հաշտության կողմնակից չէր և կամենում էր շարունակել պատերազմը, բայց տեսնելով, որ ամբողջ զորքը, իշխաններն ու նախարարները հոգնել են կռիվներից և այլևս չեն կամենում պատերազմել, ստիպված համաձայնվում է,  իր հետ է վերցնում իր դայակ Վասակ սպարապետին և ճանապարհ ընկնում, գնում Պարսկաստան, Շապուհ թագավորի մոտ։ Նրանք գալիս, ներկայանում են Շապուհ թագավորին:

Շապուհը խիստ նախատում է Արշակին իբրև ծառայի ։

Շապուհը Արշակին ու Վասակին հանձնում է իր ազնվական թիկնապահ գնդին, որ նրանց պահեն ազատ, բայց հսկողության տակ։

Շապուհն իր մոտ է կանչում հմայող կախարդներին, աստղագետներին ու աստղագուշակներին և նրանցից Արշակի մասին խորհուրդ հարցնում։

— Ես շատ անգամ կամեցա սիրել հայոց Արշակ թագավորին, — ասում է Շապուհը, — բայց նա ինձ միշտ անարգեց։ Բյուր անգամ կամեցա նրան բարիքներ գործել, ինչպես հայրը սեփական որդուն, իսկ նա իմ բարիքների դիմաց ինձ միայն չարիքով հատուցեց։ Ես նրա հետ խաղաղության դաշինք կնքեցի, որի համար նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր սրբության՝ ավետարանի վրա, բայց նա դրժեց այդ երդումը։

Հայոց Արշակ թագավորը, որ երեսուն տարի անընդմեջ արյաց հետ պատերազմ մղեց, և մենք նրան չկարողացանք հաղթել, այժմ ինքն է իր ոտով մեզ մոտ եկել։

— Հիմա դուք ինձ խորհուրդ տվեք, — շարունակում է Շապուհը, — եթե ստույգ իմանամ և համոզվեմ, որ Արշակն այսուհետև հնազանդության անկեղծ ուխտով հաստատ կմնա իմ պայմանին, ապա մեծարանքներով, պապվով ու հարգանքով նրան կրկին խաղաղությամբ կուղարկեմ իր աշխարհը։

Գուշակողները Շապուհին ասում են.

— Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք։

Հաջորդ օրը բոլոր հմայողներն ու գուշակողները հավաքվում, գալիս են Շապուհի մոտ, հարցնում.

— Հիմա որ Արշակ թագավորը քեզ մոտ է եկել, ինչպե՞ս է իրեն պահում, ինչպես է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում։

Շապուհն ասում է.

— Նա իրեն համարում է իմ ծառաներից մեկը, ուզում է անգամ իմ ոտքի հողը դառնալ։

— Այժմ լսիր մեզ և արա այն, ինչ ասում ենք, — խորհուրդ են տալիս գուշակողները. — Արշակին այստեղ պահիր, մարդիկ ուղարկիր Հայոց աշխարհ, այնտեղից բերել տուր երկու բեռ հող և մի աման ջուր։ Ապա հրաման կտաս, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, վրան ցանեն հայոց ջուրը. ինքդ կբռնես Արշակ թագավորի ձեռքը, նախ կտանես սենյակի այն մասը, որտեղ բնական հատակն է և այնտեղ նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռը բռնած կտանես հայկական հող ու ջուը շաղ տված տեղը և կլսես՝ ինչ որ կասի, այն ժամանակ կիմանաս, եթե նրան ազատ արձակելու լինես Հայաստան, քեզ հետ կապած ուխտն ու ղաշինքը հավատարմությամբ կպահի, թե ոչ։ Իմացիր, եթե Արշակը հայկական հողի ու ջրի վրա քեզ հետ խիստ լեզվով խոսի, ապա համոզված եղիր, ոը Հայաստան հասնելուն պես՝ հենց նույն օըը, նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քո դեմ, նույն կռիվները, նույն թշնամությունը կշարունակի։

Պարսից թագավորը լսելով հմայողնեըի և գուշակների այս խորհուրդը, ուղտերով մարդիկ է ուղարկում Հայոց աշխարհ՝ հող ու ջուր բերելու։ Մի քանի օր անց նրանք Հայաստանից երկու բեռ հող ու ջուր են բերում։ Շապուհը հրամայում է իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը, վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել իր բնական հողե հատակով։ Ապա Արշակ թագավորին կանչել է տալիս իր մոտ, մնացած պալատականներին հեռացնում սենյակից, բռնում է Արշակի ձեռը, ճեմում ընդարձակ սենյակում և հետը բարեկամաբար զրուցում։ Երբ ճեմում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, խոնարհվում է Շապուհի առաջ և հավատարմության երդում է տալիս:

Շապուհն այնուհետև Արշակի ձեռը բռնած, միամիտ ձևանալով, ճեմելով բերում է նրան, կանգնեցնում հայկական հող ու ջուը լցրած հատակի վրա։ Երբ Արշակը ոտը դնում է հայկական հողի վրա, լրիվ կերպարանափոխվում է, ըմբոստանում, հպարտ կեցվածք ընդունում և խրոխտ հանդիմանությամբ դիմում Շապուհին.

— Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ այսօր քո տերերի վրա տեր ես դարձել, հափշտակել քո տերերի գահը։ Ես չեմ ների քեզ ու քո որդիներին:

Այսպես՝ Շապուհը ամբողջ օրը, առավոտից մինչև երեկո, բազմիցս փորձում է Արշակ թագավորին, և ամեն անգամ հայկական հող ու ջրի վրա Արշակը արքայական հպարտությամբ ու խիստ խոսքերով դատապարտում էր պարսից թագավորին, իսկ պարսից հողի վրա զղջում իր արարքներն ու խոնարհվում նրան։

Երեկոյան պարսից թագավորը սովորություն էր դարձրել Արշակ թագավորին միշտ ընթրիքի հրավիրել իր մոտ։

Նա Արշակին իր կողքն էր նստեցնում, միևնույն թախտի վրա, բազմեցնում միևնույն գահին։

Իսկ այդ օրը Շապուհ թագավորը հրամայում է ամենաբարձր տեղում իր բազմոցը դնել, որից հետո հերթականությամբ շարել մնացած թագավորների բազմոցները, իսկ հայոց թագավորի բազմոցը դնել բոլորից վերջը, ներքևում և տակը հայկական հող ու ջուր շաղ տալ։

Երբ բոլորը հրավիրվում են ընթրիքի, և յուրաքանչյուրը բազմում է իր բազմոցին ըստ իր աստիճանի, բերում են Արշակ թագավորին և բազմեցնում ամենավերջում՝ իրեն հատկացված տեղում, ուր հայկական հող ու ջուր էր շաղ տրված։ Արշակը մի պահ ուռած–փքված նստում է, բայց հետո ընդոստ ոտքի է ելնում և խրոխտ դիմում Շապուհ թագավորին.

— Ի՛մն է այդ տեղը, որտեղ բազմել ես դու, վեր կաց անմիջապես այդտեղից, որ ես այդտեղ բազմեմ, դա մեր տոհմի տեղն է եղել։ Իսկ եթե իմ երկիրը հասնեմ, ապա քեզանից խստությամբ վրեժ կլուծեմ։

Պարսից Շապուհ թագավորն անմիջապես հրաման է տալիս շղթաներ բերել, գցել Արշակի վիզը, ոտներին ու ձեռներին կապանք դնել և տանել, բանտարկել հեռավոր Անհուշ բերդում, մինչև իր մահը։

Leave a comment